ՌԴ-ն արգելել է սննդամթերքի ազատ տրանզիտը Ղազախստանի ու Բելառուսի տարածքով: Ներմուծվող բոլոր ապրանքները պետք է անցնեն ռուսական սահմանային կետերով եւ ստուգվեն, քայլը բացատրվում է սննդամթերքի մաքսանենգությունը բացառելու մտադրությամբ: Ռուսաստանը, ի պատասխան ԱՄՆ-ի, Կանադայի ու Եվրամիության պատժամիջոցների, արգելել է այդ երկրներից սննդամթերքի ներկրումը: Սա Բելոռուսին ու Ղազախստանին հնարավորություն է տալիս իրականացնել «ռեէքսպորտ», ընդլայնելով իրենց շուկան ԵՏՄ-ում:
Ռուսաստանում համարում են, որ արգելված մթերքը մաքսանենգ ճանապարհով հայտնվում է Ռուսաստանում: Հատկապես խիստ միջոցներ են կիրառվելու Բելառուսի դեմ, ստուգելով ներկրումն ու արտահանումը: Մոսկվայում գտնում են, որ Ղազախստանի համար նախատեսված ապրանքների անվան տակ Բելառուսից Ռուսաստան են մտնում արգելված ապրանքատեսակներ եւ իրացվում տեղում՝ չհասնելով Ղազախստան: Մաքսանենգ ճանապարհով Ռուսաստան մտնող ապրանքները մատակարարվում են ԵՄ-ից, ԱՄՆ-ից ու Կանադայից: Ռուսական ձեռնարկությունները, որոնք հումքի դեֆիցիտ ունեն, խրախուսում են այս սխեման: Ռուսաստանի այս որոշումը քննադատաբար է ընդունվել Ղազախստանում: Աստանան հայտարարել է, որ պատրաստ չէ ռեէքսպորտի հարցում համագործակցել Ռուսաստանի հետ: Ավելին. Աստանան հայտարարել է, որ խոսք չի կարող լինել ԵՄ-ից Ղազախստան ներկրած ապրանքների տրանզիտի արգելման մասին: Այստեղ գտնում են, որ Եվրամիության ու Ռուսաստանի փոխադարձ պատժամիջոցները առնչություն չունեն Ղազախստանի հետ, Աստանան վարում է ներկրման ու արտահանման անկախ քաղաքականություն: Մասնագետները գտնում են, որ տրանզիտի արգելումը իրավական ուժ չունի: Որոշումը, թե ինչ ապրանքներ կարող են անցնել Եվրասիական միության սահմանով, ընդունվում է ԵՏՄ անդամ երեք երկրների նախագահների կողմից, իսկ դրա իրականացումը վերահսկում է Եվրասիական հանձնաժողովը: Այդ պատճառով, ԵՏՄ անդամ երկրները կարող են անտեսել Ռուսաստանի միանձնյա որոշումը տրանզիտն արգելելու վերաբերյալ, գտնում են փորձագետները:
Փաստացի, Մոսկվայի այս որոշումը խախտում է Եվրասիական տնտեսական միության բազային հիմքերը՝ ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժը:
Ղազախստանը արգելել է իր տարածքում ռուսական արտադրության օղիների եւ գարեջրերի վաճառքը՝ արգելքի տակ են հայտնվել «Տալկա», «Իմպերիա», «Դիկի գուս», «Զելյոնայա մարկա», «Ռժանայա», «Ռուսկի գարանտ կաչեստվա», «Ռուբլյովկա», «Պոսոլսկայա» ապրանքանիշները: Ղազախստանը արգելել է նաեւ ռուսական արտադրության գարեջրային ապրանքանիշների վաճառքն իր տարածքում՝ Miller Genuine Draft, Hoegaarden White белое, Grolsch Premium Lager, Brahma, Pilsner Urguell, «Ժիգուլի» թավշյա բարային, «Ժիգուլեվյան» օրիգինալ, «Բադ» եւ Lowenbrau Original ապրանքանիշները: Աստանան համարում է, որ այդ օղիներն ու գարեջրերը չեն համապատասխանում սննդի անվտանգության չափանիշներին: